Գիրք՝ երջանկության, ընտանիքի, բնության և ընկերների մասին (տեսանյութ)

October 14, 2023

3-ից 6 տարեկան երեխաների համար նախատեսված «Ես ուրախ եմ» գրքում հեղինակը նաև նկարազարդումների միջոցով ներկայացնում է փոքրիկ աղջնակի առօրյան. ինչ է երազում, ինչ նախասիրություններ ունի, երբ է ուրախ։ Գրքի յուրաքանչյուր էջից, պատկերից ու խոսքից երևում է՝ այդ տարիքի երեխաների համար ընտանեկան ջերմությունն ու ներդաշնակությունը որքան կարևոր են։

Գրքի աղջիկն ու գլխավոր հերոսուհին հեղինակի դուստրն է՝ Եվան։ Երբ նա ծնվեց, մայրիկը որոշեց նկարել ու գրել պատկերազարդ մի գիրք՝ «Ես ուրախ եմ» վերնագրով. «Դա դեռևս 2016 թվականն էր: Այն ժամանակ այնքան հարուստ չէր մանկական հայ գրականությունը: Իմ ճաշակով, ոճով գիրք չէի գտնում: Ուզում էի իմ նկարազարդումներով գիրք ունենար, ժամանակ չէի ունենում, աշխատոմ էի: Եկավ Քովիդի չարաբաստիկ շրջանը, ժամանակ ունեցա, որ գիրքը ստեղծվի»:

Եվայի մայրիկը նկարեց փոքրիկ աղջկա ամեն օրը: Ի՞նչ են անում փոքրիկ աղջիկներն ամեն օր. Խաղում են մայրիկի, հայրիկի հետ: Սիրում են խոտերի մեջ վազվել սիրելի շնիկի հետ. «Ինձ շատ ոգևորեց Newmag-ի ու Երազի այս նախագիծը: Գրավիչ բաներից մեկն այն է, որ գրքի վրա գրված է, թե որ տարիքի համար է: Շատ պարզ, անկեղծ գիրք է, փոքրիկ մանրուքների մասին է, որը հաճախ շատ չենք նկատում: Մեծերը ևս ունեն փոքրերից սովորելու բան, սա կօգնի»:

«Ես ուրախ եմ» գիրքը 3-ից 6 տարեկան փոքրիկների համար է: Բայց ավելի փոքրերին հաստատ դուր կգան վառ ու գունավոր նկարները, պարզ պատկերները: Այս տարիքային խմբում կարևոր են, որ պատկերները պարզ լինեն, գույները վառ, պլյուս տեքստը, որ պարզ լինի: Եվան արդեն մեծ է, գիրքն անգիր գիտի: Իր ու մայրիկի ստեղծած պատկերապատումը կարդալու է արդեն փոքրիկ եղբոր համար: 

Կարդացեք նաև